Արտաքին գովազդը թիրախային լսարանի հետ կապ հաստատելու հզոր միջոց է։ Արտաքին գովազդային արշավի ազդեցությունն առավելագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր գործոնների, որոնց կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։
Հստակ և հակիրճ ուղերձ
Արտաքին գովազդում կարևոր է հաղորդագրությունը հակիրճ և հստակ ձևակերպել՝ խուսափելով վահանակի վրա չափից ավելի բառերի խառնաշփոթից։ Յուրաքանչյուր բառը արտաքին գովազդում պետք է առավելագույնս ծառայի գովազդային արշավի ուղերձը փոխանցելու նպատակին։
Հիշեք` արտաքին գովազդային արշավն ուղղված է կարճ ժամանակում լսարանի ուշադրությունը գրավելուն և նրա մոտ հետաքրքրություն առաջացնելուն։ Մի փորձեք մեկ վահանակում պատմել այն ամենը, ինչը կուզենայիք, որ մարդիկ իմանային ձեր ընկերության մասին, փոխարենը կոնկրետ ձևակերպումներով փոխանցեք ամենակարևոր տեղեկատվությունը՝ գովազդային արշավի գլխավոր ուղերձը։
Եթե ցանկանում եք ավելի մեծ ծավալի տեղեկատվություն փոխանցել, ապա կարող եք ուղղորդել, օրինակ, դեպի ձեր ընկերության կայքէջ կամ սոցիալական ցանցերում առկա էջեր։
Լավագույն կրիչ
Արտաքին գովազդի կրիչները տարբեր են։ Կախված ձեր գովազդային արշավի նպատակներից՝ կարող եք օգտագործել մի քանի տարբեր ձևաչափերի կրիչներ՝ ձեր թիրախային լսարանին առավելագույն հասանելիություն ապահովելու նպատակով։
Հաճախ բիզնեսները մոռանում են, որ արտաքին գովազդը չի սահմանափակվում միայն փողոցների կողքին գտնվող գովազդային վահանակներով։ Դիտարկեք լսարանի ուշադրությունը գրավելու գործում տանիքների, լեդ էկրանների, սքրոլերների և այլ ձևաչափերի ներուժը և, իհարկե, մի մոռացեք ներքին գովազդի միջոցների մասին։
Կենսունակ դիզայն
Ասում են՝ ցանկացած կոմպոզիցիա արվեստում համարվում է հաջողությամբ ավարտված ոչ թե այն դեպքում, երբ դրանում այլևս ոչինչ հնարավոր չէ ավելացնել, այլ այն ժամանակ, երբ ոչինչ հնարավոր չէ պակասեցնել։ Արտաքին գովազդի պարագայում այս մոտեցումը պետք է ընդունել որպես կանոն։ Անկախ նրանից, թե արտաքին գովազդի ինչ ձևաչափ եք ընտրել՝ վահանակ, թե կանգառում փակցվող պաստառ կամ այլ տարբերակ, փորձեք հնարավորինս պարզ տեսապատկերներ օգտագործել՝ խուսափելով վիզուալ խառնաշփոթից:
Բազմաթիվ մրցակիցների ամբոխից առանձնանալը կարևոր է պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար: Լավ մտածված դիզայնի միջոցով կարող եք ձեր արշավը դարձնել տարբերվող: Արտաքին գովազդի դիզայնում կարևոր է ամեն գործոն՝ տառատեսակից մինչև գույների ընտրություն։ Եթե դիզայնի հարցում ունեք աջակցության կարիք ունեք, մի մոռացեք, որ 8k.am-ի ստեղծագործական թիմը կարող է օգնել ձեզ՝ հոգալով ոչ միայն տպավորիչ դիզայնի մասին, այլև ստանձնելով տպագրության հետ կապված հարցերի լուծումը։
Գրավիչ նկար
Ասում են՝ մեկ նկարը կարող է փոխարինել հազարավոր բառերի։ Համագործակցեք պրոֆեսիոնալ լուսանկարչի հետ և ընտրեք հնարավորինս պարզ լուսանկարներ՝ ձեր գովազդային արշավի համար։ Բացառեք աղոտ, ցածրորակ կամ փոքր չափերով նկարները։ Գրավիչ պատկերը՝ հակիրճ հաղորդագրության հետ միասին կօգնեն մարդկանց մոտ մնայուն տպավորություն թողնել։
Գործողության կոչ
Գովազդային արշավի նպատակները կարող են տարբեր լինել, օրինակ, տեղեկացնել լսարանին բրենդի մասին կամ նրանց մղել որևէ գործողության՝ օգտվել զեղչի հնարավորությունից, այցելել նորաբաց սրահ, մուտք գործել ընկերության կայքէջ, ներբեռնել հավելված և այլն։ Եթե ցանկանում եք լսարանին գործողության մղել, ապա արտաքին գովազդի պաստառում ներառեք գործողության հստակ կոչ: Ո՞րն է ձեր արշավի նպատակը՝ խթանե՞լ վաճառքները, հետաքրքրված լսարանից տվյալների հավաքագրե՞լ․ ըստ ձեր նպատակի՝ ձևակերպեք գործողության կոչը, որով անմիջականորեն կդիմեք ձեր թիրախային լսարանին։
Ներկայացված մոտեցումների կիրառման շնորհիվ կարող եք ապահովել ձեր գովազդի արդյունավետությունը՝ իրականացնելով գրավիչ և հիշարժան արշավներ, որոնց դրական արդյունքները երկար չեն սպասեցնի։